XIV
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ
Բնակելի գոտում հետիոտների տեղաշարժը թույլատրվում է ինչպես մայթերով, այնպես էլ երթևեկելի մասով: Բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, սակայն նրանք չպետք է անտեղի խոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Բնակելի գոտուց դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն մյուս տրանսպորտային միջոցների վարորդներին և չստեղծեն խոչընդոտ հետիոտների համար:
Բնակելի գոտիներում արգելվում են`
- ուսումնական վարումը.
- միջանցիկ երթևեկությունը.
- կայանելը` աշխատող շարժիչով.
- 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների (բացառությամբ միկրոավտոբուսների) կայանելը դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու (կամ) գծանշված տեղերից դուրս:
Սույն բաժնի պահանջները տարածվում են նաև այն բակային տարածքների վրա, որոնք նշված չեն 5.21` «Բնակելի գոտի» ճանապարհային նշանով, սակայն ամբողջ պարագծով պարփակված են բնակելի շենքերով: