Փոխադրվող բեռի զանգվածը և ըստ սռնիների բեռնվածության բաշխումը չպետք է գերազանցեն արտադրող գործարանի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված մեծությունները:
ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
Շարժումն սկսելուց առաջ և երթևեկության ընթացքում վարորդը պետք է հսկի բեռի վիճակը, տեղաբաշխումն ու ամրացումը` վայր ընկնելուց և որևէ այլ կերպ երթևեկության խոչընդոտ ստեղծելուց խուսափելու համար:
Տրանսպորտային միջոցի առջևի կամ հետևի եզրաչափերից 1մ ավելի կամ կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,4 մ ավելի դուրս ցցվելու դեպքում օրվա լուսավոր ժամերին բեռը պետք է նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ կանոններով են կարգավորվում այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը`
- որոնք օգտագործվում են ծանրաքաշ, վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարա փոխադրելու համար.
- որոնք շահագործվում են երկու և ավելի կցորդների հետ միասին` ավտոգնացքի կազմում.
- որոնց եզրաչափերը (կամ դրանցից որևէ մեկը), բեռով կամ առանց բեռի, գերազանցում են`
- ըստ լայնության` 2,55 մ (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար՝ 2,6 մ),
- ըստ երկարության` 12 մ, իսկ մեկ կցորդով (կիսակցորդով)` 20 մ,
- ըստ բարձրության (երթևեկելի մասի մակերևույթից)` 4 մ.
- որոնց բեռը դուրս է ցցված հետևի եզրաչափից ավելի քան 2 մ:
Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն`
- սահմանափակում է վարորդի տեսադաշտը.
- դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը.
- ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը.
- զգալի աղմուկ է հանում, փոշի բարձրացնում կամ աղտոտում ճանապարհն ու շրջակա միջավայրը:
Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է միջոցներ ձեռնարկի խախտումները վերացնելու համար կամ դադարեցնի հետագա երթևեկությունը: