ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ

«Ավտոգնացք»` կցորդներով բեռնատար ավտոմոբիլների և անվավոր տրակտորների (1.4 տ և բարձր դասի) խցիկների կտուրներին, ինչպես նաև համակցված ավտոբուսների և տրոլեյբուսների թափքի կտուրների առջևի մասում տեղադրված, իրարից 150 - 300 մմ հեռավորությամբ հորիզոնական դասավորված նարնջագույն երեք լապտերիկների տեսքով. «Արագության սահմանափակում»` երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող, ինչպես նաև վտանգավոր, ծանրաքաշ և մեծ եզրաչափեր ունեցող բեռներ փոխադրող կամ կանոնների 69-րդ և 71-րդ կետերում սահմանված արագություններից տեխնիկական բնութագրով նախատեսված ցածր արագություն ունեցող տրանսպորտային միջոցների թափքի հետևի ձախ կողմում, թույլատրելի արագության նշումով, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի տեսքով (տրամագիծը` առնվազն 160 մմ, եզրաշերտի լայնությունը` տրամագծի 1/10-ի չափով). «Դանդաղընթաց տրանսպորտային միջոց»` արտադրող գործարանի կողմից սահմանված 30 կմ/ժ առավելագույն արագություն ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում` ֆլուորեսցենտային ծածկույթ ունեցող կարմիր գույնի և լուսանդրադարձնող դեղին կամ կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմի երկարությունը` 350 - 365 մմ, եզրաշերտի լայնությունը` 45 - 48 մմ). «Երեխաների փոխադրում»` երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 1.23` «Երեխաներ» նշանի վրայի պատկերով, կարմիր գույնի եզրաշերտով դեղին քառակուսու տեսքով (կողմը` առնվազն 250 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10-ի չափով). «Բութակներ»՝ բութակավորված դողերով մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում՝ գագաթը վեր, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի, հավասարակողմ, «Ш» պատկերանշանով եռանկյան տեսքով (կողմի երկարությունը՝ առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը՝ կողմի 1/10-ի չափով). «Երկարաչափ տրանսպորտային միջոց»` բեռով կամ առանց բեռի 20 մ-ից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների, երկու և ավելի կցորդներով ավտոգնացքների (անկախ երկարությունից) հետևի մասում` լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող դեղին գույնի, կարմիր եզրաշերտով ուղղանկյան տեսքով (չափերը` ոչ պակաս, քան 1200 x 200 մմ, եզրաշերտի լայնությունը` 40 մմ): Եթե այդպիսի չափեր ունեցող նշանի տեղադրումը հնարավոր չէ, ապա թույլատրվում է տրանսպորտային միջոցի առանցքին սիմետրիկ տեղադրել 600 x 200 մմ-ից ոչ պակաս չափեր ունեցող երկու միանման նշաններ. «Խուլ վարորդ»` խուլ կամ խուլ ու համր վարորդների կողմից վարվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասում` գագաթը ներքև ուղղված երևակայական հավասարակողմ եռանկյան անկյուններում երեք սև փոքր շրջանների պատկերով դեղին շրջանի տեսքով (նշանի տրամագիծը` 160 մմ, փոքր շրջաններինը` 40 մմ). «Մեծ եզրաչափերով բեռ»` անկյունագծով իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող վահանակի տեսքով (չափերը` 400 x 400 մմ, զոլերի լայնությունը` 50 մմ). «Վթարային կանգառ»` լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող, գագաթը վերև ուղղված, սպիտակ գույնի, կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմը` 450 - 550 մմ, եզրաշերտի լայնությունը` 40 - 50 մմ): Կանոնների 23-րդ կետում նախատեսված դեպքերում այս նշանը կարող է կիրառվել նաև տրանսպորտային միջոցից դուրս. «Վտանգավոր բեռ»` վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում ուղղանկյան տեսքով` չափերը` 690 x 300 մմ, որի աջ մասը 400 x 300 մմ նարնջագույն է և երկարությամբ բաժանված է երկու հավասար մասերի, իսկ ձախ մասը` սպիտակ, սև եզրաշերտով (լայնությունը` 15 մմ): Նշանի վրա կատարվում են բեռի վտանգավոր հատկությունները բնութագրող նշումներ. «Ուսումնական տրանսպորտային միջոց»` վարման ուսուցման նպատակով օգտագործվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում սև գույնի «ՈՒ» տառի պատկերով, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմը` առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10-ի չափով): Թույլատրվում է երկկողմ նշանի տեղադրում թեթև մարդատար ավտոմոբիլների կտուրներին: Վարորդի ցանկությամբ կարող են տեղադրվել նաև հետևյալ ճանաչման նշանները` «Բժիշկ»` բժիշկ-վարորդների կողմից վարվող ավտոմոբիլների առջևի և հետևի մասում, կարմիր խաչի պատկերով, սպիտակ շրջանով ներգծված, կապույտ գույնի քառակուսու տեսքով (կողմը` 140 մմ, շրջանի տրամագիծը` 125 մմ, խաչի գծիկի լայնությունը` 25 մմ, բարձրությունը` 90 մմ). «Հաշմանդամություն ունեցող անձ»` 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 8.17` «Հաշմանդամություն ունեցող անձինք» նշանի պատկերով, դեղին քառակուսու տեսքով (կողմը` 150 մմ)։